Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ
Պատասխանատուներ՝ Նարինե Պողոսյան և Արմինե Մակվեցյան
Նպատակը և խնդիրները
- ծանոթացում ազգային խաղերին
- ազգային խաղերի իրականացում
- սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում
- ազգային մշակույթի, խաղերի յուրացում
- համագործակցային կարողությունների զարգացում
Իրականացվող ազգային խաղեր՝
Անհաղթ աքլորը
Անհաղթ աքլորը Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են. Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք, Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:
Պահիր մայր թռչունին
Խաղացող թիմերը երկուսն են, որոնց մասնակիցները իրար հետևից միմյանց բռնած շարք են կանգնում: Առջևում թռչնանոցի մայր թռչունն է, մրցակից թիմը՝ դեմ դիմացը: Խաղավարի հրահանգով երկու թիմերի մայր թռչունները բռնում են իրար (կամ ձեռքերց կամ՝ մեջքից), և թիմերը սկսում են իրենց կողմը քաշել նրանց: Այն թիմը, որին հաջողվում է նախօրոք գծված սահմանից իր կողմը քաշել հակառակորդ թիմի մայր թռչունին, հաղթող է ճանաչվում: Ամեն անգամ հաղթող կողմը զույգեր կազմելով շարք է կանգնում և, ձեռքերը կամար բռնած, վեր պահում: Պարտվածները անցնում են այդ կամարի՝ ասել է թե «թրի տակով»: Խաղը ուրախ ու համերաշխ խաղալու համար վերջին հատվածը կարելի է կատարել ազգային պարի երաժշտության ուղեկցությամբ:
Ճլոթ (Սա «Տըզզ» խաղի տարբերակ է)
Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին: Պապը հարցնում է. -Ո՞վ է խփողը: Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:
Արդյունքները կհրապարակվեն մեր ուսումնական բլոգներում։